🎦Ռուստամ Բաքոյանն առաջարկում է բացառել վաղ ամուսնությունները

Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային նվազագույն շեմը 18 տարեկանն է, բայց բացառություններով՝ 16 և 17 տարեկաններում: Նախագծով առաջարկում ենք օրենքներից հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են անչափահաս ամուսիններին կամ ամուսնություններին»,- տեղեկացրեց հիմնական զեկուցող, պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը չի վերաբերում միայն եզդիական համայնքին, այլ այն իր ծավալներով շատ ավելին էր, քան պատկերացնում էին:

«Գրանցված ամուսնությունների թիվը անչափահասների շրջանում 18-ն է, օրինակ՝ 2018-ին, բայց միայնակ մայրերի դեպքում՝ 151-ը: Այս տվյալները մինչև 2023-ը գրեթե նույն տեմպերով շարունակվում են: Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք ամուսնությունների տարիքային շեմի բարձրացմամբ, այսինքն՝ 18 տարեկանը թողնելը՝ առանց բացառությունների, նշանակում է, որ մենք այս խնդիրը մեծամասամբ օրենսդրական կարգավորմամբ կկարգավորենք, բայց խնդիրն ամբողջությամբ հնարավոր չէ լուծել միայն օրենսդրական կարգավորմամբ»,- ասաց պատգամավորը:

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, կարևորելով ամուսնական տարիքի շեմի բարձրացումը, առաջարկեց նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում անցնելիս ուշադրություն դարձնել մի փաստի՝ կլինեն դեպքեր, երբ կլինի կնոջ հղիություն, կամ երբ զույգն արդեն ունի երեխա, ապա այդ դեպքերի համար նախատեսել, որ թույլատրվի ամուսնության կնքումը օրինական ներկայացուցիչների համաձայնության պարագայում:

Ի պատասխան՝ Ռուստամ  Բաքոյանը նկատեց՝ կարող են դա քննարկել առաջինից երկրորդ ընթերցում, բայց եթե գնանք այդ տրամաբանությամբ և հղիությունների դեպքում գրանցենք ամուսնությունները, կհանգենք նույն իրավիճակին, որն առկա է այս պահի դրությամբ: 

«Նպատակը վաղ ամուսնությունները բացառելն է»,- ընդգծեց Բաքոյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print