Արցախցիներն իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ ֆոնդեր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից անձանց հնարավորություն կտրվի Հայաստանի կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխել իրենց կենսաթոշակային խնայողությունները: Համապատասխան օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

«ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք աշխատում են ՀՀ-ում և, կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն, կատարում են սոցիալական վճարներ, փաստացի համարվում են Հայաստանի կուտակային համակարգի մասնակից: Դա նշանակում է, որ այդ անձինք այս պահին ունեն երկու կենսաթոշակային հաշիվ երկու առանձին համակարգերում: Կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից: Եվ այս նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել ԼՂ կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը»,-ասաց Հարությունյանը:

ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից համարվող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print