Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին:
Վարչապետը ողջունել է պարոն Ռաֆարենի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանին վերաբերող հարցերի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Ժան-Պիեռ Ռաֆարենի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությունը: Վարչապետը կարևորել է այս օրերին վերջինիս նախաձեռնությամբ Երևանում մեկնարկող «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը՝ նպատակաուղղված Հայաստանի երիտասարդների ճգնաժամային իրավիճակների կառավարման կարողությունների բարձրացմանը:
Ժան-Պիեռ Ռաֆարենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստան այցից առաջ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ, ով խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին: Պարոն Ռաֆարենն ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին՝ մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Հաջորդիվ նա անդրադարձել է «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության գործունեությանն ու նպատակներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և սահմանազատման գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ թեմաների շուրջ: