Տնտեսվարողները պարտավոր կլինեն իրավապահներին 24-ժամյա հասանելիություն տրամադրել իրենց տեսախցիկներին. նախագիծ

Սահմանվել է կազմակերպությունների և տնտեսվարողների ցանկ, որոնք պարտավորվում են իրենց կազմակերպությունների, շինության մուտքը, և չորս կողմերն ապահովել տեսահսկման համակարգերով: Այդ մասին «Ոստիկանության մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Այն կազմակերպությունները, որոնք նախատեսված են օրենսդրական նախաձեռնության ցանկում, պետք է ունենան համապատասխան պարամետրերին համապատասխանող տեսահսկման համակարգեր, և դրանք պետք է հասանելիություն ունենան «Տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որը կկարողանա հսկել ընդհանուր շարժը»,- ասաց նախարարի տեղակալը:

Ըստ Սարգսյանի՝ այսպիսի փորձառություն տարբեր երկրներում կա, նույն մոտեցումը որդեգրել է նաև ՀՀ-ն, և որ խոսքը բացառապես հանրային տիրույթի մասին է. «Այսինքն՝ որևէ կերպ խոսք չկա մասնավոր այնպիսի տիրույթի մասին, որը պետք է դուրս մնա ստանդարտ պայմաններում իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնից»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ճշտեց՝ ինչու է առաջացել տնտեսվարողի տեսախցիկներին հասանելիություն տալու անհրաժեշտությունն այն դեպքում, երբ շատերը պատրաստ են համագործակցել իրավապահների հետ:

Նախարարի տեղակալը պարզաբանեց. «Շատ դեպքերում գիտենք, որ կոնկրետ կազմակերպությունն ունի տեսահսկման համակարգ, բայց երբ հերթը հասնում է արդեն համապատասխան քրեադատավարական ընթացակարգով տեսագրությունը ստանալուն, տեսագրությունը կա՛մ անհետանում է, կա՛մ ջնջվում է կոնկրետ իրավիճակի տեսագրումը, և մարդիկ շատ հաճախ խուսափում են, եթե չկա ուղիղ պարտականություն, այդ տեսագրությունները տրամադրել իրավապահ համակարգին»:

Հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու նպատակն առաջացել է 1 տարի առաջ, երբ որոշ հանցագործությունների բացահայտման առնչությամբ իրավապահների հետ զրույցից հետո պարզել է, որ ոստիկանությունն անգամ Երևանում կարմիր գծերի տեսախցիկներին հասանելիություն չունի: Երբ, օրինակ, որևէ մեքենայից գողություն է կատարվում, կամ կարմիր գծերի շրջակայքում այլ հանցագործություն է տեղի ունենում, ոստիկանությունը չի կարողանում օպերատիվ կերպով տեսնել հանցագործությունը:

«Սա է եղել առաջնային նպատակը՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, որպեսզի թե՛ կարմիր գծերի՝ «Փարկինգ սիթի» ընկերությունը, թե՛ մյուս ընկերությունները, որոնք մասնավոր են և ավտոկայանատեղիների ծառայություն են մատուցում, մշտապես հասանելիություն տան իրենց տեսանկարահանող սարքերին, որպեսզի հանցագործությունների կատարման դեպքում ոստիկանությունը ստիպված չլինի գնալ, համոզել, խնդրել, որ տան հասանելիություն, այլ որպեսզի ոստիկանները կարողանան իրենց աշխատասենյակում ֆիքսել, թե որ տեսանկարահանող սարքի տակ է տեղի ունեցել հանցագործությունը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ նախագծով ներկայացված ցանկն ընդգրկուն է: Պարտադիր պահանջ է դրվում բանկերի, վարկային կազկակերպություների, դպրոցների համայնքային կառույցների, զենքի վաճառքով զբաղվող ընկերությունների, սննդի օբյեկտների, առևտրով զբաղվող մեծ ընկերությունների վրա, և նրանք բոլորը պարտավոր կլինեն 1 տարվա ընթացքում ոստիկանությանը 24-ժամյա ռեժիմով հասանելիություն տալ իրենց տեսախցիկներին:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկեց տեսահսկման սարքերի փոփոխությունը 1-ի փոխարեն սահմանել 3 տարի, համայնքային տեսախցիկները ևս հասանելի դարձնել ոստիկանների համար, ինչպես նաև առաջարկեց հանրային տրանսպորտում տեսանկարահանման պահանջը սահմանել մրցույթի ժամանակ:

Հայկ Սարգսայնը պատգամավորի դիտարկումներին արձագանքեց՝ 50 քառակուսի մետրից ավելի սննդի օբյեկտների, 100 քառակուսի մետրից ավելի տարածքով առևտրի կենտրոնների վրա է օրենքը տարածվում, ուստի նման տնտեսվարողների համար 100 հազար դրամ գումարը մեծ ծախս չէ: Հայկ Սարգսյանը նաև դեմ է, որ օրենքը 3 տարվա ընթացքում ուժի մեջ մտնի, քանի որ կարծում է՝ օրենքի անհրաժեշտությունն այսօր էլ կա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print