Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանատուն

Կանադայում խորհրդարանական պատվիրակությամբ հանդիպեցինք Արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Ռոբերտ Օլիֆնթի հետ։ Նա չափազանց տեղեկացված էր Հայաստանին պատուհասած վտանգների և ժողովրդավարության սպառնալիքների մասին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Թովմասյանի խոսքով Հայաստան-Կանադա հարաբերությունները բարեկամության նոր փուլ են մտնում, քանի որ Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանատուն:

«Հույս ունեմ՝ նախապատրաստական գործընթացը արագ կավարտվի: Իսկ մինչ այդ՝ մեր հանդիպման ժամանակ, թարմ տեղեկություններ տվեցի մեր գործընկեր Ռոբերտ Օլիֆնթին բոլոր այն վտանգների մասին, որոնց Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությունը բախվում է յուրաքանչյուր օր»,-նշել է Թովմասյանը։

Անդրադառնալով արդի տարածաշրջանային զարգացումներին՝ խորհրդարանական քարտուղարի հետ հանդիպման ժամանակ պատգամավորն ընդգծել է Արցախի անկախության ճանաչմանը օժանդակելու անհրաժեշտությունը, միաժամանակ նշելով՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին միայնակ թողնելը բերելու է Ադրբեջանի կողմից հայրենի Արցախում բնակվող հայության նոր ցեղասպանության։

Եզրափակելով ելույթը Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Կանադային՝ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, Արցախի անկախությունը ճանաչելու հարցը խորհրդարանական մակարդակով քաղաքական դիսկուրս մտցնելու,
2020թ. պատերազմի ժամանակ դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների կասեցման, Թուրքիային ավիաշարժիչների մատակարարումը դադարեցնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին, սպառնալիքներին, խորհրդարանի դերի ամրապնդմանը վերաբերող հարցերին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print