2024-ի մայիսի 31-ի դրությամբ կենսաթոշակ է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 26 հազար անձ

2023 թվականի հոկտեմբերից ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվեց կենսաթոշակների և նպաստների նշանակման պարզեցված կարգ:

Ըստ այդմ՝ 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ հաշվառվել և կենսաթոշակ են ստանում ավելի քան 26 հազար կենսաթոշակառուներ, իսկ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ վճարված կենսաթոշակների հանրագումարը կազմել է 2,5 մլրդ դրամ: Ներկայումս կենսաթոշակների գծով ամսական միջին բյուջետային ծախսը կազմում է 2 մլրդ դրամ: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը ներկայացրեց նաև մեկ տվյալ, որն ուղղակիորեն կապված չէ 2023 թվականի պետբյուջեի կատարման հետ, բայց, կարծում է, արժանի է հիշատակման: Դա վերաբերում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ Հայաստանում աշխատանք գտածների վիճակագրությունը:

«ՊԵԿ-ի տվյալներով՝ 2024-ի մայիսի 31-ի դրությամբ գործատուների մոտ աշխատանք գտած մեր հայրենակիցների թիվը կազմում է մոտ 17 հազար մարդ, իսկ հաշվառված անհատ ձեռնարկատերերի քանակը գերազանցում է 1000-ը»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print