Կապիտալ ծախսերի ավելացումը և դրանց որակական բարելավումները ամբողջ տարվա ընթացքում եղել են Կառավարության ուշադրության կենտրոնում. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ իր զեկույցի երկրորդ հատվածում անդրադարձավ 2023 թվականին պետբյուջեով իրականացված կապիտալ ծախսերին:

Նրա խոսքով՝ այդ ծախսերի ավելացումը և դրանց որակական բարելավումները ամբողջ տարվա ընթացքում եղել են Կառավարության ուշադրության կենտրոնում և Հայաստանի տնտեսական պոտենցիալի ավելացման հարցում ունեն մեծ նշանակություն:

Հիշեցնելով, որ 2023-ին կապիտալ ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 5,2 տոկոսը կամ եղել են 0,6 տոկոսային կետով ավելին, քան 2022-ին, փոխվարչապետը նշեց՝ սա պետբյուջեի կատարման նշանակալի իրադարձություն է:

«Պետական բյուջեի ծախսերը 2023-ին կազմել են 472 մլրդ 600 միլիոն, որը 2022-ի ցուցանիշը գերազանցել է մոտ 92 մլրդ դրամով կամ 24,2 տոկոսով: Հատկապես արագ են աճել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում կատարված կապիտալ ծախսերը, որոնք տարվա համար կազմել են 209 մլրդ դրամ՝ 2022-ի նկատմամբ արձանագրելով 37,6 տոկոս աճ:

Կարևոր է նշել նաև, որ այն 2,3 անգամ ավելին է, քան նույն ուղղություններով 2018-ին կատարված կապիտալ ծախսերի մակարդակն է եղել»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կա ևս մեկ հարց, որը պարզաբանման կարիք ունի:

«Բացի տարբեր ոլորտներում իրականացվող կապիտալ ծախսերը, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով համայնքներին են հատկացվում նպատակային սուբվենցիաներ, որոնց հիմքում զարգացման բնույթի կապիտալ ծախսեր իրականացնելու անհրաժեշտությունն է:

Մասնավորապես, 2023-ին այդպիսի հատկացումների գումարը կազմել է 30,3 մլրդ դրամ, և եթե կապիտալ ծախսերում ներառենք սուբվենցիոն ծրագրերով համայնքային ծրագրերի համաֆինանսավորման հատկացումները, ապա պետական բյուջեի կապիտալ ծախսերի հանրագումարը 2023-ին կկազմեր 240 մլրդ դրամ, իսկ աճը նախորդ տարվա նկատմամբ՝ 40,6 տոկոս:

Փոխվարչապետի խոսքով՝ այս թվերի հիմքում ընկած են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ճանապարհային, ոռոգման, էներգետիկ, կրթական և առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կարևոր ծրագրեր»,- ասաց փոխվարչապետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print