2023-ի արդյունքում գիտության ոլորտ է մուտք գործել շուրջ 150 նոր հետազոտող. ԿԳՄՍ նախարար

Նախորդ տարվա արդյունքում գիտության ոլորտ է մուտք գործել շուրջ 150 նոր հետազոտող: Դրանով մենք շարունակել ենք 2022-ին սկսված միտումը, որով առաջին անգամ տասնամյակներից հետո գիտության ոլորտում ոչ թե հետազոտողների թվի նվազում է գրանցվել, այլ աճ: Այս մասին ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարը:

«Երկու տարվա արդյունքում շուրջ 350 նոր հետազոտող ունենք բազային ծրագրերում, որոնց մեծ մասը երիտասարդ գիտնականներ են»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ սա տեղի է ունեցել նրա շնորհիվ, որ գիտության ոլորտում 2021-ից սկիզբ դրված ծրագրերը տալիս են իրենց արդյունքը:

Գիտնականների աշխատավարձը արդեն 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ աճել է մինչև 267 տոկոսի չափով: Գիտության ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է շուրջ 280 տոկոսով: 

«Սա միջազգայնորեն մրցունակ է դարձրել գիտության ֆինանսավորումը, որի վառ ապացույցն են նաև այն թվերը, որ ունենք տարբեր երկրների գիտնականների՝ մեր ծրագրերին մասնակցությամբ: Այսօր մենք չունենք միջոցի խնդիր, ունենք որակի և արդյունավետության խնդիր, որի պատճառով օրինակ՝ նախորդ տարի ամբողջ բյուջեն չենք բաշխել՝ որակական հստակ պահանջներ սահմանելով ներկայացված հայտերի վերաբերյալ»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print