Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

Բելառուսը հետ է կանչում Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ՀՀ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունները՝ ԱԳՆ խոսնակն ընդգծել է՝ եթե ինչ-որ մեկը որոշել է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել արտաքին թշնամու կերպարով, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է այսօր ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որքան սրընթաց է սրվում դիմակայությունը երկրի ներսում։

Եվ տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր կերպ են դիմակայում հուզական այդ ծանրաբեռնվածությանը: Դա մենք կարող ենք հասկանալ: Բայց մենք չենք հասկանում՝ ինչ կապ ունի Բելառուսը»,- ասել է Գլազը։

Միաժամանակ, նա հավելել է, որ Մինսկում մտադիր չեն վատթարացնել հարաբերությունները Երևանի հետ, որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրան դրդեն արտաքին խաղացողները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print