Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի վավերացմանը։

Համաձայնագրի հիմնական խնդիրներն են` իրանական շուկա ապրանքների առավելագույն հնարավոր տեսականու համար առանց մաքսատուրքի մուտքի ապահովումը, ինչպես նաեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շրջանակում ժամանակավոր համաձայնագրի կարգավորիչ մասի օգտագործումը որպես բանակցությունների հիմք։

Ըստ նախագծի` գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքները, նաեւ այն ապրանքները, ունեն մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում։ Դրանք են հանքային եւ գազավորված ջրերը, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը, որոնց նկատմամբ կկիրառվի Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։

Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են հանքային հումք (պղնձի եւ ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ եւ այլն: Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաեւ էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի եւ դեղամիջոցների համար։

ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել եւ կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝ պղպեղ, սմբուկ, ձմերուկ եւ սեխ, ինչպես նաեւ սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտում պլաստմասսայե արտադրանքի մասով։

ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարարումը Իրան կապահովվի առանց անցումային ժամանակաշրջանների։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print