Իսրայելը պատասխանել է Լուկաշենկոյի՝ հրեաների մասին հայտարարությանը

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ՝ նրա վիճահարույց արտահայտություններից հետո, ըստ որոնց՝ հրեաները «գողանում են առանց մտածելու»:

Կոռուպցիայի վերաբերյալ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Լուկաշենկոն, խոսելով իր երկրում կոռուպցիոներների մասին, հայտարարել է. «Այստեղ կա 30 կասկածյալի ցուցակ: Ներեցեք ինձ, ես հակասեմիտ չեմ, բայց մեղադրյալների կեսից ավելին հրեա է»։ Նա նաև մեկնաբանել է. «Ի՞նչ է կատարվում այստեղ. հրեաները ստանձնել են հատուկ արտոնյալ կարգավիճակ։ Գողանալ ու չմտածել իրենց ապագայի մասին։ Բելառուսում բոլորը հավասար են օրենքի առաջ՝ հրեաները, բելառուսները, ուկրաինացիները, ռուսները, ինչպես նաև լեհերը․ բոլորը»։

Այս արտահայտություններին արագ արձագանքեց Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը: Նախարարության Եվրասիայի և արևմտյան Բալկանների բաժնի փոխտնօրեն Յուվալ Ֆուկսը կանչել է Բելառուսի դեսպանին՝ հայտնելու Իսրայելի դժգոհությունը։ Ֆուկսը հայտարարել է, որ «Բելառուսի նախագահի հայտարարությունն անընդունելի է, վրդովեցուցիչ և հնչում է որպես միանշանակ հակասեմիտական ​​մեկնաբանություն»:

Սա առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն հրեաների մասին վիճահարույց մեկնաբանություններ է անում։ Անցյալ դեկտեմբերին նա գովել էր Հայաստանը՝ պնդելով, որ հայերը խելացի են, քանի որ նրանց մեջ հրեաներ չկան:

«Եթե Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, մենք կարող ենք կորցնել այն։ Բայց ես չեմ կարծում, որ հայերը հիմար ժողովուրդ են։ Հայերը խելացի մարդիկ են։ Ի վերջո, այնտեղ նույնիսկ մեկ հրեա չկա: Գիտեք ինչու․ որովհետև հայերն ամենախելացի ժողովուրդն են»,- ասել էր Լուկաշենկոն։ Հակառակ նրա պնդումների, Հայաստանն ունի մոտ 400 անդամ ունեցող հրեական համայնք, որոնք հրաշալի ինտեգրված են Հայաստանի պետական ու հասարակական կյանքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print