ԱՄՆ Պետական դեպարտամենտը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը՝ նշելով, որ նման վճիռ կայացնելու իրավասությունը վերապահվում է պաշտոնական Երևանին։
«Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է, և մենք հարգում ենք դա։ Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելուն», – «Ամերիկայի ձայն»-ին փոխանցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ խորհրդարանում ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին: «Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք», – մասնավորապես հայտարարեց Փաշինյանը: