«Պաշտպան հայրենյաց». ՊՆ նոր ծրագիր

Ծառայությունն ավարտելուց կամ առողջության հիմքով դրանից վաղաժամկետ ազատվելու դեպքում զինծառայողները կստանան պատվովճար 5 մլն դրամի չափով

2023թ–ից ՀՀ Զինված ուժերում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիր։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը

Ներկայացնելով ծրագիրը՝ Պապիկյանը նշել է, որ ծրագիրը նախատեսում է շարքային զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի։

«Ծառայությունն ավարտելուց կամ առողջության հիմքով դրանից վաղաժամկետ ազատվելու դեպքում զինծառայողները կստանան պատվովճար 5 մլն դրամի չափով»,- նշել է նախարարը։

Նախարարը հավելել է, սակայն, պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ծառայության ժամկետը չի հաշվարկվելու որպես ժամկետային զինծառայություն, ու զինծառայողն ուղարկվելու է պարտադիր զինծառայության` լրացնելու ժամկետային զինծառայության չծառայած մասը։

Պապիկյանի խոսքով ցանկացողները իրավունք կստանան ատեստավորում անցնելու հնարավորություն` հավելավճարի բարձրացմամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց, որ սա հերթական քայլն է պրոֆեսիոնալ բանակի ձևավորման ճանապարհին։

Կառավարության նիստում ծրագիրը հավանության արժանացավ, սակայն այն դեռ պետք է հաստատվի ԱԺ–ում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print