Կառավարությունը շուրջ 600 մլն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի համար

2020 թվականին ընդունվել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թվականների ծրագիրը: 2023-ին ծրագիրն ամփոփելուց ու արդյունավետությունը գնահատելուց հետո որոշվել էր, որ այն պետք է շարունակել, և 2024 թվականի մարտին որոշվել էր երկարաձգել ծրագիրը մինչև 2026 թվականը: Այդ մասին Կառավարության հունիսի 20-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Ծրագրի շրջանակում 2024-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ, իսկ ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից մինչև այս պահը շահառու է դարձել շուրջ 10 հազար մարդ, և վճարվել է շուրջ 7 մլրդ դրամ գումար»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ներկայումս հաստատվել և վճարման է սպասում շուրջ 290 շահառուի հայտ, որից պետք է վճարվի 260 մլն դրամ: Եվս 300 շահառուի հայտ մշակման փուլում է:

«Այս նախագծով առաջարկում ենք հաստատված հայտերի վճարումներն ապահովելու, ինչպես նաև 3-րդ եռամսյակում կանխատեսվող հայտերը բավարարելու նպատակով տրամադրել շուրջ 600 մլն դրամ գումար՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ծրագրի իրազեկվածության մասով խնդիր կա, և մտահոգություն հայտնեց, որ բոլոր պոտենցիալ շահառուները չէ, որ տեղյակ են ծրագրի մասին: Նախարարը ներկայացրեց վիճակագրություն՝ նշելով, որ տարեցտարի հայտերը շատանում են: Օրինակ՝ եթե 2021-2022-ին մի քանի հարյուր հայտ կար, ապա 2023-ին՝ 9 000-ից ավելի, իսկ այժմ 10 000 հաստատված հայտ կա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print