Բաքուն ի՞նչ սցենար է պատրաստում Հայաստանի դեմ նոյեմբերից հետո

Ադրբեջանի զինուժն իրականացրել է քիմիական, կենսաբանական և ռադիացիոն պաշտպանության ուժերի զորավարժություն, ինչպես ադրբեջանական մամուլն է հայտնում՝ տարեկան պլանի համաձայն, հայտնում է 168.am-ը։

Հայաստանում օբյեկտիվորեն մեծ ուշադրության են արժանանում ադրբեջանական բանակի զորավարժությունները, հատկապես նրանք, որտեղ ներգրավված են հարվածային ուժեր:

Սակայն ոչ պակաս ուշադրության կարիք կա ադրբեջանական զինուժի այս՝ կենսաբանական, քիմիական և ռադիացիոն պաշտպանության ուժերի հատուկ-տակտիկական զորավարժության հանդեպ: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու արդեն բազմիցս, Հայաստանի հանդեպ Բաքվի գրոհային քաղաքականությունը ներառում է բոլորովին ոչ միայն ռազմական կամ ռազմա-քաղաքական տիրույթը:

Ադրբեջանը վաղուց և հստակ թիրախավորել է Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգության կարևոր օբյեկտներ, թիրախավորել ոչ թե ֆիզիկապես՝ ռազմական առումով, այլ, այսպես ասած, բնապահպանական կամ «կլիմայական», եթե արտահայտվենք Ադրբեջանի ներկայիս տարեկան «տրենդի» տրամաբանությամբ: Բաքուն պատրաստվում է նոյեմբերին կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին, գրեթե ամեն շաբաթ անցկացնում այդ թեմայով միջազգային համաժողովներ և փորձում ձևավորել Ադրբեջանի «կանաչ» նկարագիր:

Բաքուն ոչ մի բան չի անում պատահական կամ հատվածային: Այդ կանաչ նկարագիրը, խոշոր հաշվով, լինելու է յուրօրինակ պլացդարմ՝ Հայաստանի հանդեպ, այսպես կոչված, «բնապահպանական» գրոհները նոր թափով վերսկսելու համար:

Օրերս Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանի քաղաքականությունը վկայում է, որ ճիշտ են վերլուծություններն այն մասին, որ նոյեմբերին կայանալիք Կլիմայի գագաթնաժողովից հետո Բաքուն ծրագրում է ռազմական ագրեսիա: Ռազմական ագրեսիայի հարցում Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն ու դրան բերած աղբյուրները հայտնի չեն, հեղինակները, թերևս, առավել իրազեկ են դրանց, բայց, որ Կլիմայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը կիրականացնի Հայաստանի հանդեպ «բնապահպանական» գրոհ, չափազանց տեսանելի է արդեն իսկ գոյություն ունեցող հետագծի և ընթացիկ աշխատանքների համատեքստում:

Իր այդ գրոհի առանցքային երկու թիրախը լինելու են Հայաստանի տնտեսական ու էներգետիկ անկախության, հնարավորինս ինքնաբավության համար կարևոր նշանակություն ունեցող երկու դաշտ՝ Հայաստանի ատոմային էլեկտրակայան և հանքարդյունաբերական սեկտոր: Այդտեղ Հայաստանի որևէ լուրջ, առավել ևս՝ միջազգային խնդիր բացասական իմաստով շոշափելի մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու թե՛ տնտեսության, թե՛ նաև, ըստ այդմ, քաղաքական արդյունավետության համար:

Բաքվում անցկացվող քիմիական, ռադիացիոն և կենսաբանական պաշտպանության զորքերի վարժանքներն առնվազն պետք է հիմք լինեն մտածելու այն մասին, որ Ադրբեջանում կարող են գործի դնել որևէ էկոլոգիական սադրանքի սցենար, կազմակերպել բեմականացումներ՝ իբրև թե Հայաստանից եկած որևէ վտանգի մասին, այդպես գործի դնելով թե այդ զինուժը, թե արդեն հատուկ նշանակության «բնապահպանների»:

Այդ սցենարները հաշվարկելն ու կանխարգելիչ քայլերի մշակումը թերևս պետք է լինի Հայաստանի ազգային անվտանգության հրամայական, այդ թվում՝ նաև ապահովելու համար, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ «բնապահպանական գրոհների» ընթացքում հանկարծ գործի չդնի հենց Հայաստանում գործող «ինքնուս», և այդ դեպքում, որպես կանոն, թերուս բնապահպանների, որոնց կարող է հավաքագրած լինել, օրինակ, այնպես, ինչպես ԱԱԾ-ն պարզում էր, որ չնչին գումարներով հավաքագրվել են տարբեր աստիճանի զինվորականներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print