ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Աստանայում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր հաջորդ հանդիպումն առաջարկվում է անցկացնել Աստանայում այս տարվա նոյեմբերին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (գագաթնաժողովի) նստաշրջանի նախօրեին (նոյեմբերի 28-ին )»,- ասել է նա Ալմաթիում ՀԱՊԿ ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։ Հայկական կողմը, հիշեցնենք, այս հանդիպմանը չի մասնակցել։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Ալմաթիում անցկացված հանդիպման օրակարգում ընդգրկվել և հաստատվել են 9 փաստաթղթերի նախագծեր, մասնավորապես, տաջիկ-աֆղանական սահմանի ամրապնդման, կազմակերպության 2024 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու, խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտման, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի, խաղաղապահ զորավարժությունների անցկացման վերաբերյալ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ փաստաթղթերը պատրաստվել են՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից նոյեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում հաստատման համար։