Հայաստանի Հանրապետությունում հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև իրական Հայաստանը՝ որպես գաղափարախոսություն հաստատվում է ՀՀ-ում և ընկալվում է ժողովրդի կողմից։ Հանքավանում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովում ասել է ՀՀ վարչապետ, ՔՊ խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Զարմանալի է, թե ինչպես կարող էր ժողովուրդը այսքան արագ ընկալել այդ գաղափարախոսությունը, որը կառավարող մեծամասնության, այսինքն՝ մեր կողմից լիարժեք և ամբողջականորեն որդեգրվել է ընդամենը տարիուկես-երկու տարի առաջ»,- ասել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ քաղաքական նոր ստեղծված գաղափարախոսությունն ընկալելու համար տևական ժամանակ է պետք։ Կարծում է՝ Հայաստանի ժողովուրդն այսքան արագ է ընդունել, որովհետև այդ գաղափարախոսությունը ոչ այնքան ՔՊ-ի կամ կառավարող մեծամասնության, այլ հենց ժողովրդի գաղափարախոսությունն է։
«Ի վերջո Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածն ու այն ձևակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն։ Ժողովուրդը ոչ թե այդ գաղափարախոսություն օբյեկտն է, այլ սուբյեկտը»,- կարծում է վարչապետը՝ հավելելով, որ կառավարող մեծամասնությունը ժողովրդի, այսպես ասած, խոսնակն է։
Ըստ վարչապետի՝ սա առաջին անգամ է, որովհետև միշտ հակառակն է եղել՝ կառավարությունն է եղել ժողովրդին ասողը։