Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է վերածվել ավելի լայն հակամարտության՝ ներգրավելով Իրանը և Իրանի աջակցությունը վայելող զինյալներին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ օդուժի գեներալ, զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բրաունի կարծիքով՝ Իրանը հակված է ավելի ակտիվորեն աջակցել «Հեզբոլլահ»-ին, քան ՀԱՄԱՍ-ին, հատկապես, եթե զգա, որ «Հեզբոլլահ»-ին «լուրջ վտանգ է սպառնում»։
«Հեզբոլլահ»-ն ավելի մարտունակ է, քան ՀԱՄԱՍ-ը, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր հնարավորություններին, հրթիռների քանակին և նման բաներին։ Եվ ես պարզապես կասեի, որ իմ կարծիքով, Իրանն ավելի հակված կլինի ավելի մեծ աջակցություն ցուցաբերել «Հեզբոլլահ»-ին», – Բրաունն ասել է լրագրողներին Բոտսվանայում կայանալիք աֆրիկյան երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մեկնելիս:
Նա հավելել է. «Կրկնում եմ, այս ամենը կարող է նպաստել տարածաշրջանում հակամարտության ընդլայնմանը և Իսրայելին իսկապես ստիպել անհանգստանալ ոչ միայն այն մասին, թե ինչ է տեղի ունենում երկրի հարավային մասում, այլև այն մասին, թե ինչ է տեղի ունենում հյուսիսում»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 23-ին Channel 14 հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և որ զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա։