🎦Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բրիտանական բանտից․ The Guardian

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվել բրիտանական բանտից, հաղորդում է The Guardian-ը։

WikiLeaks-ը տեսագրություն է հրապարակել, թե ինչպես է Ասանժը երկուշաբթի երեկոյան Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում ինքնաթիռ նստում։

Ակնկալվում է, որ Սայպանում կայանալիք լսումների ժամանակ Ասանժը կընդունի իր մեղքն ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար և նրան թույլ կտան վերադառնալ Ավստրալիա, ասվում է դատական փաստաթղթերում:

Ասանժի դատավճիռը պետք է կայացվի վաղը Հյուսիսային Մարիանյան կղզիների Սայպան քաղաքում կայանալիք լսումների ժամանակ։ Ամենայն հավանականությամբ դատավորը գործով կհաստատի նրա հինգ տարիների կրած պատիժը և նոր բանտարկություն նրան չի սպառնա:

Իսկ թե ինչո՞ւ է վճիռը կայացվելու Սայպան կղզում, Արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանել է՝ «ամբաստանյալի քաղաքացիության երկրին մոտ լինելու համար»։ Պաշտոնյան հավելել է, որ լսումների ավարտից հետո Ասանժը պետք է մեկնի Ավստրալիա:

Wikileaks X-ում հայտնել է, որ Ասանժը լքել է Բելմարշ բանտը երկուշաբթի առավոտյան՝ այնտեղ 1901 օր մնալուց հետո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print