ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2023 թ․հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով:
Նախարարությունից հայտնում են նաև, որ անկանխիկի անցման դրույթը վերաբերում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։
Բանկերից որևէ մեկը ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Նախարարությունից միաժամանակ հիշեցնում են, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ՎՏԲ Հայաստան, Արդշին, Հայբիզնես և ԱԿԲԱ բանկերի միջոցով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։