Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում․ Պուտին

Պուտինի խոսքով՝ դեպի խաղաղություն տանող միակ ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների աներկբա իրագործումն է։

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է tert.am-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին:

«Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համար»,- նշել է ՌԴ նախագահը։ Պուտինի խոսքով՝ Մոսկվան ահռելի քանակությամբ կապեր ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ և դա հաշվի չառնելն անհնար է:

«Անկասկած մենք բոլորս բավականին բարդ իրավիճակում ենք»,-շեշտել է ՌԴ նախագահը:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը չի կարող կողքից հետևել իր համար մոտ երկրների միջև խնդիրներին և հակասություններին, ու պատրաստ է աջակցել դրանց խաղաղ լուծմանը:
«Ընդհանուր առմամբ, մենք, անկասկած, հետաքրքրված ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղ և կայուն զարգացող տարածաշրջան: Անկասկած դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների աներկբա իրագործումն է: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական խնդիրների լուծման հարցերում այդ պայմանավորվածությունների հետևաողական իրագործման շնորհիվ է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print