Հայաստանը 8 մեդալի է արժանացել Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հունիսի 20-23-ն Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում (IABO):

Հատկանշական է՝ Հայաստանի 3 կրթօջախները ներկայացնող բոլոր 8 աշակերտներն արժանացել են մեդալների։

Հայաստանի թիմը ղեկավարել է «Քվանտ» վարժարանի կենսաբանության ուսուցիչ Վահագն Գևորգյանը։

ՀՀ թիմի կազմում ոսկե մեդալներ են նվաճել Քվանտ վարժարանի  11-րդ դասարանի աշակերտ Արամ Քերոբյանն ու ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարիամ Գալստյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներ Արա Մելքոնյանը և Հրաչյա Սևոյանը,  Քվանտ վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Անի Գևորգյանը, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Նանե Անանիկյանը և Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Էլեն Դանիելյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Քվանտ վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը։

Մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել ու հաղթահարել էին նախնական երկու փուլերը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին:

Եզրափակիչ փուլին ավելի քան 100 աշակերտներ են մասնակցել Հայաստանից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Ինդոնեզիայից, Թաիլանդից, Մալազիայից, Նեպալից և Ֆիլիպիններից:

Հիշեցնենք, որ Կիրառական կենսաբանության միջազգային 3-րդ օլիմպիադային հայաստանյան թիմը ներկայացել էր 7 մասնակցով և արժանացել 4 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print