Դպրոցը երեխայի համար է: Այն ընկալումը, որ դպրոց ենք ստեղծել, որ աշխատատեղ լինի, սխալ ընկալում է: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 27-ի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջին շրջանում, ըստ վարչապետի, մարզերում հաճախ իրեն խնդրում են, որ գյուղի դպրոցը չփակվի, և դա ասվում է այն գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ աշակերտներ՝ մինչև 20 սովորող:
«Մենք ասում ենք՝ գյուղի դպրոցը չենք փակում, այլ նոր դպրոց ենք կառուցում, որովհետև ոչ ոք չի ասել, որ դպրոցը պետք է լինի գյուղապետարանի հետևում: Երկրորդ՝ դպրոց տանող ճանապարհները պետք է նորոգենք: Երրորդ՝ պետք է ձեռք բերենք տրանսպորտային միջոց, որն առավոտյան երեխաներին կտանի դպրոց և երեկոյան նորմալ, բարեկարգված ճանապարհներով կբերի հետ»,- ասաց նա:
Փաշինյանը կարծում է՝ այն ընկալումը, որ դպրոցը գյուղի ենթակառուցվածք է, սխալ ընկալում է: Նա դեմ է նաև այն դիտարկմանը, որ եթե դպրոցը փակվի, գյուղը կդատարկվի: Ըստ Փաշինյանի՝ տարիների ընթացքում գյուղերը դատարկվել են անգամ գյուղի դպրոցի առկայության պարագայում:
Այս համատեքստում վարչապետը կարծում է՝ կրթության կարևոր պայման է երեխայի սոցիալականացման հարցը, քանի որ հետագայում, նաև բանակում, կարող է խնդիր առաջանալ, երբ երեխան դպրոցն ավարտում է՝ տարիներ շարունակ շփվելով 10-20 մարդու հետ:
«Դպրոցը երեխայի համար է: Ուրեմն մենք պետք է կառուցենք դպրոցները երեխայի համար, պետք է կառավարենք դպրոցները երեխայի համար: Մյուսները, բոլորը երեխաներին սպասարկող անձնակազմ են, երեխաներին ծառայություն մատուցող անձնակազմ են: Այս ընկալումը պետք է փոխել: … Ոչ թե երեխան դպրոցական ենթակառուցվածքի ատրիբուտն է»,- ասաց վարչապետը: