Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաեւ Լատվիայի Հանրապետության օգնությունը:

Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում՝ հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է ՀՀ-ի հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքին:

Բարձր գնահատելով Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ Ալեն Սիմոնյանը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Լատվիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին աջակցելու նպատակով տրամադրված մարդասիրական օգնության համար:

Քննարկվել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող հարցեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print