ԼՂ ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կստանան շարունակելու ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններին, որով որով Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, եթե բավարարեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջներին:

Որոշման հյիմնավորման մեջ նշվում է, որ եթե նույնիսկ ԼՂ ԱԱԾ նախկին ծառայողները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, ապա վերջիններս՝ տարիքային սահմանափակումների հաշվառմամբ, հնարավորություն կունենան ընդունվելու ՀՀ ԱԱ մարմիններում ծառայության միայն կրտսեր և միջին խմբի պաշտոններում՝ որպես ԱԱԾ-ում նոր ընդունվողներ:

ՀՀ ԱԱ մարմիններում ծառայություն անցնելու ցանկություն ունեցող անձանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշտոններ և ունեցել սպայական բարձր կոչումներ, և վերջիններիս կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը բավարար չի լինի ՀՀ ազգային անվտանգության մարմիններում` ԼՂ ԱԱԾ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոններում նշանակվելու համար:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հնարավորություն նախատեսել նաև ԼՂ ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց համար:

Միաժամանակ, կատարվող լրացումը կրելու է ժամանակավոր բնույթ՝ նպատակ ունենալով անցումային փուլում ապահովել լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած անձանց իրավունքի իրացման հնարավորությունը, և նշված դրույթի գործողության ժամկետ է սահմանվելու 2025 թվականի հուլիսի 1-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print