Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի նկատմամբ իրականացնում է «տեղեկատվական ահաբեկչություն»՝ անընդհատ կրկնելով այն թեզը, որ ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունները աղտոտում են գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով և այլն: Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ կազմակերպված արշավի մաս է։ Նավթ արդյունահանող Ադրբեջանն ամեն ջանք ներդնում է իրենց երկիրը որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ Հայաստանը՝ որպես տարածաշրջանը աղտոտող ներկայացնելու գործում։ Թիրախը՝ հասկանալի պատճառներով հենց հանքարդյունաբերությունն է։ Որքանով կարելի է այս հարձակումները լուրջ ընդունել, եւ արդյոք դրանց մեջ վտանգ կա՞։
Թեմայի շուրջ NEWS․am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ:
Պարոն Ջանյան, Ադրբեջանի կողմից ՀՀ հանքարդյունաբերության թիրախավորումը ոչ միայն չի թուլանում, այլ նաև ստանում է նոր երանգներ։ Վերջերս Ադրբեջանում գործող Environmental Protection First (EPF) «ոչ կառավարական» դաշինք կոչված միավորումը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքահումքային պաշարները» քարտեզը, որը կազմված է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Դուք այստեղ վտանգ տեսնում ե՞ք։
Չէի ցանկանա, որ մենք հանքարդյունաբերության հարցում պաշտպանվողի դերում լինենք։ Դուք հարցնում եք՝ վտանգ տեսնում ե՞մ։ Անկեղծ ասած՝ ես այստեղ հնարավորություն եմ տեսնում։ Բոլորիս համար սա հնարավորություն է հասկանալու հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալը։ Ցավոք, մենք տասնամյակներ շարունակ, որպես հասարակություն դա չենք հասկացել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը լրջորեն աշխատում է ՀՀ տնտեսական հենասյուների դեմ։ Եվ հանքարդյունաբերությունն առաջին թիրախն է։ Գոնե սա պետք է ակնհայտ դարձնի պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը մեր երկիրն իրական տնտեսական հաջողություն բերելու մեծ ու չօգտագործված պոտենցիալ ունի։
Բայց չէ որ Հայաստանում միշտ զգալի ծավալի է եղել հանքարդյունաբերությունը, բայց արդյունքները այնքան էլ տեսանելի չեն եղել, եւ դրանով է պայմանավորված հայ հանրության թերահավատ վերաբերմունքը դրա արդյունքների հանդեպ։
Համաձայն չեմ։ Թերահավատ վերաբերմունքը պայմանավորված է եղել հիմնականում՝ տարածվող կեղծիքով, սկսած հանքարդյունաբերության ծավալների մասին ապատեղեկատվությունից։ Չգիտեմ՝ միտումնավոր էր այս ապատեղեկատվությունը տարածվում, թե անտեղյակության հետեւանքով, բայց տարբեր հասարակական կազմակերպություններ խոսում են, օրինակ, հարյուրավոր հանքերի մասին, իսկ մարդիկ լսում էին ու մտածում՝ իսկապես, եթե այդքան հանք կա, ինչո՞ւ արդյունքն ավելի տեսանելի չէ։ Իրականում Հայաստանում կա գործող մետաղական ընդամենը 5-6 հանք, ընդ որում խոշոր միակ հանքը ԶՊՄԿ-ն է, որ ողջ ծավալով աշխատում է։ Հայաստանում 30 տարվա անկախության ընթացքում ընդամենը մեկ նոր հանք է հայտնագործվել, այն էլ շինարարությունը կիսատ է մնացել։ Մենք չենք օգտվել մեր պոտենցիալից, բայց դեռ հնարավորություն կա օգտվելու, եւ դա է, կարծում եմ, անհանգստացնում մեր հարեւաններին, ու դա նաեւ մեզ համար մտածելու ու գործելու առիթ պետք է լինի։
Ինչպե՞ս է հնարավոր օգտվել այդ պոտենցիալից։
Ներգրավելով նոր ներդրումներ, իրականացնելով նոր հետախուզական աշխատանքներ, ընդլայնելով, բարձրացնելով գործող ծրագրերի արդյունավետությունը։ Կան տարբեր վերլուծություններ, որ առաջիկա տարիներն աշխարհում շեշտակի աճելու է մետաղների, այդ թվում՝ պղնձի պահանջարկը։ Արևային վահանակների, էլեկտրոմոբիլների արտադրությունը և համաշխարհային ողջ էկո կամ կանաչ արդյունաբերությունն այսօր չի կարող գոյատևել առանց պղնձի եւ այլ մետաղների, որոնց պահանջարկը գնալով աճելու է։ Սրանից կարելի է օգտվել, ներդրումներ ներգրավել, նաեւ արդիականացնել ոլորտը։ Բնական է, որ այս ամենը հաշվի առնելով, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ կանխի Հայաստանում տնտեսական այս հսկայական հնարավորության զարգացումը։
Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ պղինձը 21-րդ դարում իր կարևորությամբ հավասարվում է, իսկ որոշ առումներով նաև գերազանցում է նավթին։
Ոչ միայն պղինձը։ Այսօր աշխարհում ամենակարեւոր պայքարը ռեսուրսների համար պայքարն է։ Այո, եթե տարիներ առաջ այդ ռեսուրսը նավթն ու գազն էին, այսօր դա հավասարաչափ նաեւ պղինձն է, հազվագյուտ մետաղները։ Հայաստանում նոր հետախուզման բազմաթիվ հնարավորություններ կան, բայց մենք այսօր նույնիսկ մեկ, առնվազն ինձ հայտնի, լիթիումը, կոբալտի կամ այլ արդիական մետաղների հետախուզման ներդրում չունենք։ Նույնիսկ նավթային գերտերություններն արդեն մեծ ուշադրություն են դարձնում գունավոր մետաղների արդյունաբերության զարգացմանը։ Օրինակ՝ անցյալ ամիս ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության վարկային ծրագրերի գրասենյակը հայտարարեց, որ ֆինանսական միջոցներ է տրամադրելու նաև կարևոր օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող հանքարդյունաբերական նախագծերին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ զարգացած պետությունները քայլերն են ձեռնարկում գունավոր մետաղների արդյունաբերական կլաստերների հզորացման ուղղությամբ։ Հարևան Ադրբեջանում գործող բրիտանական հանքարդյունաբերական ընկերությունն այնտեղ արդյունահանում է ոսկի, արծաթ և պղինձ, նաև շուտով հասանելություն կստանա Արցախի հանքավայրերին։ (խմբ․– «Anglo Asian Mining»-ին է պատկանում Ադրբեջանում 8 պայմանագրային տարածքների շահագործման իրավունքը, այդ թվում՝ օկուպացված Արցախում Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի նկատմամբ)։
Ադրբեջանի մեդիատիրույթը ողողված է այս տարվա նոյեմբերին կայանալիք COP29-ի թեմայով։ Ադրբեջանը ներկայացվում է որպես «կանաչ» պետություն։ Պետական մակարդակով տարվող քարոզն ավելի արժանահավատ դարձնելու համար «ներգրավվել» են նաև արտասահմանայան փորձագետներին։
Գիտեք՝ շատ զավեշտալի է, երբ կարդում ես այդ նյութերը։ Նայելով, թե ինչքան աղտոտված է Ապշերոնյան թերակղզին՝ «կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն։ Սակայն, ցավոք, ես ակնկալում եմ, որ հայաստանյան ակտիվիստական կազմակերպությունների շատ հրապարակումներ տեղ են գտնելու COP29-ի ադրբեջանական փորձագետների զեկույցներում։ Անշուշտ, իրենք ամեն ինչ կանեն, որ կոնֆերանսի մասնակիցներին ցույց տան ՀՀ հանքարդյունաբերության «վնասակարությունը»։ Մինչդեռ, ի տարբերություն հարևան երկրների՝ ՀՀ-ում ավելի շատ են ուշադրություն դարձնում բնապահպանական խնդիրներին պետական մակարդակով: Եվ մեր մեդիայի միջոցով մենք պետք է ցույց տանք մեր արած աշխատանքն այդ ուղղությամբ։ Տեսեք՝ Ադրբեջանը չեղածն ու չարածն է արածի տեղ մատուցում աշխարհին, իսկ մենք մեր արածները չենք կարողանում տեղ հասցնել անգամ մեր տեղական լսարանին, ինչը լուրջ խնդիր է։ Այստեղ պետությունը ևս մեծ անելիք ունի։