Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն է արմատավորվում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում-2024» միջոցառմանը հայտարարել է, թե ժողովրդավարությունը հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն, և կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այդ ռազմավարական նախագիծը․ «Մենք պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Պետք է արձանագրեմ, որ քիչ չեն այն փոփոխությունները, որ երկրում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով: Օրինակ, «ընտրակեղծիք», «ընտրությունների արդյունքների կեղծում» հասկացություններն արդեն պատմական ժանրին են վերագրված․ դա շատ կարևոր է: Երբ որևէ ճանապարհ տասնյակ տարիներ կիսավեր վիճակում է և հանկարծ հիմնանորոգվում է, դա մարդկանց համար նորություն է ընդամենը մեկ շաբաթ, դրանից հետո դա առօրեականություն է, դրանով ոչ մեկի այլևս չես զարմացնի կամ ուրախացնի: Որովհետև ուրախացել-վերջացել են, ու հիմա իրենց նոր առիթներ են պետք ուրախանալու համար»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ 7-8 տարի առաջ քննարկվել են մարտահրավերներ՝ կապված հավաքների ազատության կամ որոշակի տեղերի հասանելիության սահմանափակման վերաբերյալ. «Մի բան հստակ է` Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն է արմատավորվում, և միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս: Եվ սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որն այսօր կարող ենք անել, և ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունն արձանագրել է Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ լավ կլինի ֆորումի արդյունքներով ամփոփել, թե զարգացման ինչ մարտավարություն պետք է որդեգրել ժողովրդավարական բարեփոխումների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print