Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական ապագային օրինակ է աշխարհի համար, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումին իր ելույթում։
«Ձեր հանձնառությունը ժողովրդավարական ապագային օրինակ է աշխարհի համար։ ԱՄՆ-ն հպարտ է, որ աջակցում է Հայաստանին այդ ջանքերում, էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում: Ես իսկապես շատ հպարտ եմ այն աշխատանքով, որն արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների առումով»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի, ոստիկանական բարեփոխումներ իրականացնելու և ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հարցերում։
Քրիստինա Քվինը նշել է, որ առաջիկա տարիներին Հայաստանն ու ԱՄՆ-ը «թարմացնելու են ռազմավարական երկխոսությունը, և այն դառնալու է ռազմավարական գործընկերություն», որն ապահովելու է ավելի արդյունավետ համագործակցություն։
«Հուսով եմ, որ այս համագործակցությունը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը»,- հայտարարել է դեսպանը։