ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, օրերս «Բագրատաշեն» անցման կետ է ժամանել ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ի վարած թեթև մարդատար տրանսպորտային միջոցը։ Մուտքի շվաքարանի տակ` մաքսային հսկողության գոտում, մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք մեքենայում առկա՞ են հայտարարագրման ենթակա ապրանքներ, վարորդը պատասխանել է, որ առկա չեն: Մաքսային ծառայողների մոտ, սակայն, կասկածներ են առաջացել, և տրանսպորտային միջոցն ուղեկցվել է խոր զննման անգար: Ավտոմեքենան ենթարկվել է մաքսային տեսազննման և զննման, ինչի արդյունքում մեքենայի հետևի նստատեղից դեպի բեռնախցիկ ընկած հատվածում` հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է ընդհանուր REDMI և SAMSUNG GALAXY մոդելների 109 բջջային հեռախոս:
Մաքսային ծառայողների կողմից դեպքի կապակցությամբ հարուցվել է համապատասխան վարչական վարույթ: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռն ի պահ է վերցվել: Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ: