Համաշխարհային բանկը Հայաստանին 110 մլն դրամ վարկ կտա առողջապահական ծառայությունների համար

Համաշխարհային բանկը 110 մլն դրամ կհատկացնի Հայաստանի Հանրապետությանը` ավելի մատչելի առողջապահական ծառայություններ ապահովելու համար։ Տեղեկությունը հայտնում է Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունը։

«Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում։ Այս գումարի հատկացման շնորհիվ նաև կբարելավվի պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում»,– ասված է հաղորդագրությունում:

Բանկից նշում են, որ ՀՀ առողջապահական ցուցանիշները վերջին տասնամյակների ընթացքում բարելավվել են մոր և մանկան առողջության ուղղությամբ, այնուամենայնիվ ոչ վարակիչ հիվանդությունները դեռևս մահացությունների և հիվանդացությունների ամենամեծ բաժինն են կազմում։

Առողջապահության ոլորտում պետական ծախսերի ցածր մակարդակը և առողջապահական համակարգի ցածր արդյունավետությունը նպաստում են մեծ ծախսերի, ինչը հանգեցնում է նրան, որ բնակիչները սեփական գրպանից մեծ վճարումներ են անում։ Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացիկ ծախսերի՝ նմանատիպ վճարումների մասնաբաժինն աշխարհում ամենաբարձրերից է (2021թ. կազմել է 81,4 տոկոս)։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը նշել է, որ ՀՀ–ում մասնավոր առողջապահական բարձր ծախսերը եզակի են աշխարհում։ Նա ընդգծել է, որ այդ ամենը բացասաբար է անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։

«Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական և կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, և առողջապահությունն ավելի մատչելի դարձնել բնակչության համար», – նշել է Գեգինատը:

Համաշխարհային բանկից հայտնում են, որ բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ծախսերի արդյունավետությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print