2023 թվականի պետական բյուջեի նախագիծը կառուցված է այն սկզբունքից ելնելով, որ պետք է երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն։ Այս մասին այսօր նշել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ Ֆինանսների նախարարն, անդրադառնալով մակրոտնտեսական կայունությանը, նշել է, որ պետք է էականորեն, ինչպես և Կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքը, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում։
Խաչատրյանը հիշեցրել է, որ 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտները համախառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ։
«Մենք 2026 թվականին՝ Կառավարության գործունեության ծրագրային ժամանակահատվածի վերջին տարում, պետք է հասնենք հարկերը համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի»,- եզրափակել է Խաչատրյանը։