Առնվազն չորս մարդ զոհվել և 20-ը վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում հակաթուրքական ցույցերի հետֆոնին։ Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը, գրում է dw.com-ը։
Կազմակերպության տվյալներով՝ ցույցերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը զինված է եղել, ցուցարարները պոկել են թուրքական դրոշները։ Աֆրին և Ջարաբուլուս քաղաքներում ցուցարարների և թուրք զինվորների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչը հանգեցրել է զոհերի։
Նշենք, որ Թուրքիայում հունիսի 30-ից սիրիացի փախստականների դեմ ցույցեր են: Մասնավորապես, Կայսերի քաղաքում տեղի բնակիչների ամբոխը հրկիզել է Սիրիայից ժամանած փախստականներին պատկանող խանութներն ու մեքենաները։ Միևնույն ժամանակ, անկարգությունների մասնակիցները վանկարկել են. «Մեզ այլևս պետք չեն սիրիացիներ, մեզ այլևս օտարներ պետք չեն»:
Այս զարգացումների հետևանքով 67 մարդ ձերբակալվել է, տեղի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 14 ոստիկան։
Անկարգությունների պատճառը սիրիացի փախստականի կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեռական բռնությունն է: