2023-ին Արցախի ֆինանսավորման չափը չի փոխվի․ Տիգրան Խաչատրյան

Նախարարի խոսքով Արցախի ֆինանսավորումը նախատեսված է այնպիսի ծավալով, որը կերաշխավորի, որ որեւէ էական խնդիր չառաջանա։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է նաև  Արցախին նախատեսվող ֆինանսավորման չափին։

«2023թ․-ի բյուջեով Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 միլիարդ դրամի չափով։ Հիշեցնեմ, որ տարեսկզբին նույնքան էր։ Ուստի եկող տարի ֆինանսավորումը կլինի նույն չափով»,- նշել է նախարար Տիգրան Խաչատրյանը։

Aravot.am-ի փոխանցմամբ՝ նախարարը ընդգծել է նաև, որ հատկացված միջոցներն այժմ կարող են օգտագործվել ոչ միայն ենթակառուցվածքների վերականգնման և բնակարանաշինության համար (ինչպես նախորդ տարի), այլ նաև այլ կարիքների համար։

 «Մենք Արցախի կառավարության հետ տարվա ընթացքում քանիցս վերադառնում ենք հարցին, թե ֆինանսական միջոցների կարիքն ինչպիսին է, եւ առաջնահերթ, որ խնդիրներն են լուծման ենթակա։ Խնդիրների մի մասը մեկանգամյա է, այսինքն՝ որոշ ենթակառուցվածքներ են վերականգնվում, եւ հաջորդ տարի հարցին նույն ծավալով վերադառնալու կարիք չի լինում։ Խնդիրների զգալի մասը բնակարանաշինությանն է վերաբերում, որը շատ մեծ տեմպերով այս տարվա ընթացքում իրականացվում է՝ ՀՀ կառավարության շատ մեծ աջակցությամբ»,-շեշտեց Տիգրան Խաչատրյանը։

Տիգրան Խաչատրյանը նաեւ նշել է, որ ֆինանսների նախարարությունը մշտական ​​կապի մեջ է Ստեփանակերտի հետ եւ անհրաժեշտության դեպքում ավելացնում է աջակցության չափը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print