Պուտինն ու Ալիևը հանդիպել են (թարմացված)

Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ:

Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է խոսելու բան կլինի, ասել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին։

Կրեմլի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ առևտրատնտեսական գործակցությունը մեծ տեմպերով զարգանում է:

«Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը, առաջին տեղում է Հյուսիս-հարավ մայրուղին։ Հնարավորություններ կան այդ թվում՝ էներգետիկայի և արդյունաբերական ոլորտներում»,- շեշտել է Պուտինը: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նա բարձր է գնահատել Ադրբեջանում ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ Իլհամ Ալիևի ուշադրությունը:

Ադրբեջանի նախագահը, իր հերթին, ուրախալի է որակել այն փաստը, որ ավելանում են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները:

Նա ևս անդրադարձել է Հյուսիս-հարավին: «Վճռական ենք՝ ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքն Ադրբեջանի տարածքում, թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, այնուհանդերձ չի համապատասխանում նախագիծն առավելագույնս օգտագործելու՝ մեր գործընկերների և հարևանների մտադրություններին»,- ասել է Ալիևը։

«2022 թվականին դաշնակցային գործակցության հռչակագիր ենք ստորագրել: Արդեն ավելի քան 2 տարի է՝ աշխատում ենք որպես դաշնակիցներ և լավ արդյունքներ ենք ցույց տալիս»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը:

Բաց ձևաչափով հանդիպումից հետո մեկնարկել են Պուտին-Ալիև փակ բանակցությունները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print