ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանային և գլոբալ կայունության ապահովման համար:
Ըստ աղբյուրի՝ նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է հող ձևավորել հրադադարի համաձայնագրի, ապա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար: