Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը

Մարզերում գործող մասնավոր լողավազանների միջոցով դպրոցահասակ երեխաներին կտրվի լողով զբաղվելու հնարավորություն: Նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակների լողի պարապմունքները՝ դրամաշնորհային մրցույթի միջոցով լողավազաններին հատկացնելով ֆինանսավորում:

Այս մասին որոշման նախագիծը Կառավարության հուլիսի 4-ի նիստին ներկայացրել է  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է, որ որոշման ընդունմամբ յուրաքանչյուր տարի լողավազաններում լողով կզբաղվի դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ:

1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12 կլինի, 2-րդ խմբում՝ 10: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:

Շահառուների ընդհանուր թիվը մոտ 200 է: Նրանց ընտրությունը կկատարվի բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում ապրող դպրոցականները:

«Դիմումների ընտրությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, շահառուների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, նրանցից կձևավորվի սպասման խումբ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ 1 աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ այս որոշմամբ մասնավոր լողավազաններին հանձնարարվում է պրոֆեսիոնալ մարզչով երեխաների խմբակներ ձևավորել, իսկ լողի պարապմունքների ամսավճարը կտա Կառավարությունը:

«Բայց քանի որ «դառը փորձը» ցույց է տալիս, որ լավ որոշումը դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, ուստի պետք է հետևել, որպեսզի երեխաներն իսկապես հաճախեն լողի:

Եթե այս մեխանիզմն աշխատի, ընդհանրապես մեր սպորտի ոլորտում կարող է լինել շատ էական փոփոխություն, որովհետև շատ պետական հիմնարկների նման մարզադպրոցների ենթակառուցվածքների պրոբլեմ ունենք: Ճիշտ է, շատ տեղերում մենք նորոգումներ ենք անում, բայց նույնիսկ նորոգման արդյունքում տեսնում ենք, որ 50 տարի առաջ կառուցված լինելով՝ ժամանակակից պահանջներին չեն համապատասխանում»,- ասել է Փաշինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print