ՇՀԿ երկրների ղեկավարները ստորագրել են Աստանայի հռչակագիրը

 Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների և կառավարությունների ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովում հաստատել են Աստանայի միավորման հռչակագիրը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է Kazinform-ը։

Ընդունված հռչակագրով անդամ երկրներն անհրաժեշտ են համարում մեծացնել ՇՀԿ-ի դերը գլոբալ խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման, ինչպես նաև նոր ժողովրդավարական, արդար, քաղաքական և տնտեսական միջազգային կարգի ստեղծման գործում:

ՇՀԿ անդամ պետությունները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը մեծացնել կազմակերպության ներուժն ու միջազգային ազդեցությունը՝ որպես բազմաբևեռ աշխարհի բազմակողմ միավորում։ Փաստաթղթում նշվում է, որ ՇՀԿ շրջանակում փոխգործակցությունը կարող է հիմք հանդիսանալ եվրասիական տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կառուցման գործում։ Միևնույն ժամանակ, ՇՀԿ անդամները փաստել են, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները սեփական տարածքում թույլ չտալու որևէ գործողություն, որը կհակասի պետական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ 

Առաջիկա ժամանակահատվածի համար ՇՀԿ նախագահությունն անցնում է Չինաստանին։ 

Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության այս գագաթնաժողովի ընթացքում Բելառուսը դարձավ կազմակերպության լիիրավ անդամ։ 

Հայաստանը 2016 թվականից ունի Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print