2024-ի առաջին կեսում Հայաստանում ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել. վիճակագրություն

2024 թ. առաջին 5 ամսում Հայաստանում ավելի շատ մարդ է ծնվել. քան մահացել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին, որն այսօր հրապարակել է ժողովրդագրական հիմնական ցուցանիշները։

Ըստ հրապարակված տվյալների` 2024 թ. հունվար–մայիսին ՀՀ–ում ծնվել է 13 122 մարդ, մահացել` 11 297–ը։ Համեմատության համար նշենք, որ 2023 թ. նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը մի փոքր շատ է եղել`14 273 մարդ, մահացածներինը` ավելի քիչ` 10 707 մարդ։

2024 թ. առաջին 5 ամսում ամուսնություններն ավելի շատ են եղել, քան ամուսնալուծությունները` գրանցվել է 6 324 ամուսնություն, 1 835 ամուսնալուծություն։ 2023 թ. այս ցուցանիշները քիչ են տարբերվել` 6 469 ամուսնություն և 1 793 ամուսնալուծություն։

Ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թ., ավելի շատ մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, նորագոյացություններից, շնչառական օրգանների հիվանդություններից։

ՀՀ սահմանային անցակետերով իրականացված գրանցումներով 1 624 239 մարդ է մուտք գործել երկիր, 1 633 458–ը` դուրս եկել։ 2023 թ. ՀՀ մուտք է գործել 1 629 733, դուրս եկել 1 642 096 մարդ։

Ամենից շատ ՀՀ են եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ֆիլիպիններից, ԱՄՆ–ից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print