▶️Կայացել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը

Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են փաստաթղթի ստորագրումը, որը հիմք կհանդիսանա Երեւանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համար։

Սոչիում ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ Պուտինի խոսքով, Սոչիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կայացած հանդիպումը շատ օգտակար էր և բարենպաստ մթնոլորտ ստեղծեց հետագա պայմանավորվածությունների համար։

«Մեր ընդհանուր կարծիքով՝ շատ օգտակար հանդիպում էր։ Ըստ իս՝ շատ լավ մթնոլորտ է ստեղվծել որոշակի հիմնարար հարցերի շուրջ հնարավոր հետագա պայմանավորվածությունների համար։ Այսօր մենք պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ, բայց անկեղծ լինեմ` ամեն ինչ չհաջողվեց համաձայնեցնել։ Որոշ բաներ ստիպված եղանք հանել մասնագետների մակարդակով մշակված նախնական տեքստից։ Այնուամենայնիվ, հանդիպումը օգտակար էր, և դա հնարավորություններ է ստեղծում ընդհանուր առմամբ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված հետագա քայլերի համար։ Ընդ որում, «ընդհանուր առմամբ» ասելով նկատի ունեմ և՛ ոչ վաղ անցյալի, և՛ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով, եռակողմ հանդիպման ընթացքում երեկրի ղեկավարներին հաջողվել է համաձայնության գալ հիմնարար հարցերի շուրջ, և այսօրվա քննարկումը ցույց է տալիս, որ կարող են պայմանավորվել բոլոր երկրների ապագայի շուրջ։ 

««Մեր բոլոր երկրներ» ասելով՝ նկատի ունեմ Ռուսաստանին, Ադրբեջանին, Հայաստանին և տարածաշրջանի բոլոր երկրներին, քանի որ բոլոր ժողովուրդները շահագրգռված են հարաբերությունների կարգավորմամբ»,-հավելել է Պուտինը։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանն իր հերթին կանի ամեն ինչ՝ վերջնական և համապարփակ կարգավորման հասնելու համար։

Հիշեցնենք, որ Պուտինն այսօր Սոչիում առանձին բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են փաստաթղթի ստորագրումը, որը հիմք կհանդիսանա Երեւանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print