«Քանի որ Դիլիջանի թունելի վերականգնման աշխատանքների արժեքը բավականին բարձր է լինելու, և նոր թունելի կառուցումն էլ արժեքով մոտ է լինելու վերականգնման աշխատանքների գումարին, ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործող թունելը հնարավոր է օգտագործել որպես տարհանման թունել, կամ՝ երթևեկությունն ընդլայնելու համար, իսկ նոր թունելի կառուցումն՝ արդեն նոր ստանդարտներով, շատ ավելի նպատակահարմար է և, ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից, հիմնավորված, որովհետև երթևեկության ինտենսիվությունն այդ հատվածում շատ բարձր է»,- այսօր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հայտարարեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«Ուզում եմ հստակեցնել, որ թունելի ֆինանսավորման կամ դրա իրականացման բաղադրիչն այս վարկային համաձայնագրում չէ։ Քանի որ ի սկզբանե այստեղ խնայողության միջոցներ առաջացան, այս ծրագրի շրջանակներում փոփոխություն կատարեցինք և պատվիրեցինք միայն թունելների նախագծման աշխատանքները։ Ծրագիրն ի սկզբանե ճանապարհի վերակառուցմանն էր վերաբերում, որն արդեն ավարտել ենք, ու այս երկարաձգումը կլուծի մեր ավարտական շրջանի պարտավորությունների կատարումը»,- ասաց նա։