ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանում նախարարը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։
ՏԿԵ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝
- Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։
- Քննարկվել է նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։
- Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։
- Կարևորվել է ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Isna գործակալության փոխանցմամբ՝ անդրադառնալով ճանապարհաշինարարությանը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտել և բարելավել Հյուսիս-հարավ միջանցքի Նորդուզ-Վարզեղան և Թավրիզ ճանապարհահատվածները։ Բացի այդ, քննարկվել են 2023-ի գարնանը իրանական ընկերության կողմից Քաջարանում 7,2 կմ երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները։
Ղասեմիի խոսքով, քննարկման հիմնական թեմաներից էր Հյուսիս-Հարավ նոր միջանցքի կառուցումը։
«Երբ Հայաստանն իր տարածքում ավարտին հասցնի աշխատանքներ, իսկ Իրանն իր հերթին՝ Վարզեգանում և Թավրիզում, Հյուսիս-Հարավ միջանցքը գործնականում կզարգանա։ Դա շատ կարևոր է երկու երկրների համար։ Այս երթուղին կարող է ապահովել զգալի ծավալի բեռների փոխադրում։ Այս երթուղու առանձնահատկություններից է փոխադրումների ժամանակի կրճատումը»,- նշել է իրանցի նախարարը։