ԵԽ պատգամավորները Հայաստանում են

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն է ժամանել Հայաստան։

Այցի շրջանակում պատգամավորները հանդիպումներ են ունեցել ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորներ Պետեր վան Դալենի,  Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ հանդիպման ընթացքում Արման Եղոյանը  նշել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով եւ քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Պատգամավորները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Եվրախորհրդարանում առաջիկայում քննարկվելիք Հայաստանի մասին զեկույցին, ինչպես նաեւ՝ Հայաստան-Եվրոպական միություն կապերի հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ամբողջ տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության հաստատումը:

Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է նաեւ, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Ընդգծվել է նաեւ հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հրամայականը:

Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ՝ հավելելով, որ նախատեսված է այց Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։

Այցի ավարտին ԵԽ պատգամավորները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print