Եղբայրները կկարողանան նույն զորամասում ծառայել. խորհրդարանում հստակեցվել են պայմանները

Ազգային Ժողովն այսօր արտահերթ նիստում օրակարգային 30 հարց է քննարկել։ Դրանցից 15-ը խորհրդարանը քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ:

Այդ թվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը, որով, մասնավորապես հստակեցվում է նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները։

Եղբայրները կկարողանան նույն զորամասում ծառայել․ պայմանները հստակեցվել են խորհրդարանում քննարկված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխություններով։ Կառավարության առաջարկը խորհրդարանի դատին նախ հակիրճ ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հստակեցվում են նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված հետևանքների կիրառման պայմանները»։

Փաթեթով հստակեցվում են նաև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերություներն ու այլ կարգավորումներ։ Ինչ վերաբերում է վարչարարությանը. դիմումներն առաջարկվում է քննարկել մինչև 90-օրյա ժամկետում։ Այդ ամենի մասին ԱԺ քննարկումներում մանրամասնեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

 «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառություն անցնող քաղաքացիների համար ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, կամ առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու պատճառով տարկետման հիմք ձեռք բերելու դեպքում սահմանվում է նրանց նկատմամբ օրենքով սահմանված տուժանքը չկիրառելու պայմանը» ։

Իսկ ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպայական կազմի զինծառայողներին հատկացված ծառայողական բնակարանը որպես սեփականություն տրամադրելու իրավունք են սահմանվում նաև մարտական գործողություններին մասնակցելու, կամ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում։

Հարակից զեկուցող, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյան. «Փաստացի երեք կետերն էլ օրենքի մեջ բարելավող նորմեր ունեն։ Մենք տվել ենք դրական եզրակացություն, կխնդրեմ ձեզ էլ կողմ քվեարկել»։

Զինծառայողներին վերաբերող մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունն առաջարկում է «Զինապահ» հիմնադրամի շահառու զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում հատուցման գումարները վճարել նախկին չափով։ Օրինագիծը խորհրդարանի դատին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

«Նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանն է վերաբերում»։

Ի սկզբանե գործող օրենքի շրջանակում հիմնադրամի շահառու դարձած առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները ստանում են ամսական որոշակի հատուցում 20 տարի շարունակ, ասաց Խաչատրյանը՝ հստակեցնելով առաջարկվող փոփոխությունը։

 «Եթե անձի մոտ առողջական վիճակի որոշակի փոփոխություններ է տեղի ունենում, ապա առաջինից երկրորդ խումբ փոխվելու դեպքում արդեն փոխվում է նաև հատուցման չափը, և շարունակում են ստանալ նոր խմբին համապատասխան գումարի չափով, իսկ եթե երկրորդ խմբից փոխվում է երրորդ, ապա արդեն դուրս է գալիս զինհիմնադրամի շահառուի շրջանակից և անցնում է արդեն պետական այլ երաշխիքների շրջանակ»։

Օրենքն ընդունվելուց հետո՝ եռամսյա ժամկետում կկատարվի վերահաշվարկ և առաջին խմբի փոփոխություն ունեցած շահառուներին կտրամադրվի հենց առաջին խմբի համար նախատեսված փոխհատուցման չափով գումարը։  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print