Համախմբման ազդակ և սեփական ճակատագիրը կռելու հանձնառություն․ «Փաստ»

Հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն։ Արցախահայության մի ստվար հատվածը դուրս եկավ «Վերածննդի» հրապարակ իր դիրքորոշումը հանրապետության շուրջ ընթացիկ գործընթացների վերաբերյալ հայտնելու համար։ Տարբեր գնահատականների համաձայն, հանրահավաքին մասնակցում էր 40-ից մինչև 60 հազար արցախցի, ինչն, իսկապես, տպավորիչ թիվ է։ Եվ այս ակցիան յուրահատուկ էր ոչ միայն նրանով, որ Արցախում նման մեծ քանակությամբ մարդ էր ներկա հավաքին, այլև նրանով, որ այն իր մեջ, անկախ քաղաքական դիրքորոշումներից, հանրային միասնության ուղերձ էր պարունակում։

Իսկ միասնության համար պայքարի սկզբնավորումը պայմանավորված է Արցախի գոյաբանական հիմնախնդրի հետ, քանի որ միջազգային արենայում քննարկվում է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին հանձնելու հարցը, ինչը նշանակում է Արցախի հայաթափում և ցեղասպանություն։ Դրա համար էլ հավաքի ընթացքում հնչած բոլոր ելույթներում շեշտադրվում էր արցախահայության՝ սեփական ճակատագիրը կռելու հանձնառությունը։

Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների «Դիմադրության շարժումը» նոյեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրել։ Իսկ «Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ՝ կոչ անելով իր բոլոր համախոհներին, երկրի անվտանգությամբ և ապագայով շահագրգիռ բոլոր քաղաքացիներին՝ ոտքի կանգնել և տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։

Պատահական չէ, որ վերլուծաբաններն արդեն իսկ համեմատություններ են տանում 88-ին սկսված Արցախյան շարժման հետ՝ շեշտելով, որ տեղի ունեցող զարգացումները սկզբնավորում են նոր Արցախյան շարժում։ Իսկ դա նշանակում է, որ ի պաշտպանություն Արցախի ինքնիշխան իրավունքի ոտքի է կանգնելու նաև Հայաստանի բնակչությունը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print