ՊՆ-ն անձնակազմի քանակն ապահովելու ձեւ է գտել, բայց արդյո՞ք նոր ծրագիրը չեն ձախողի, ինչպես «Ես եմ»-ը․ «Հրապարակ»

Վերջին շրջանի առաջարկներից շարքային եւ սպայական կազմերի՝ պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր կարգը, որն այս շաբաթ հաստատեց կառավարությունը, ենթադրում է, որ 6 ամիս բանակում ծառայելուց հետո ժամկետային զինծառայողները պայմանագրային զինվորական ծառայության անցնեն հինգ տարի ժամկետով։ Այս ընթացքում նրանք ստանում են աշխատավարձ, իսկ ատեստավորում անցնելու դեպքում՝ նաեւ հավելավճար։ Դրանից հետո նրանք ստանում են պատվո վճար՝ 5 միլիոն դրամի չափով։ Ծրագիրը հավակնոտ անվանում ունի՝ «Պաշտպան հայրենյաց», եւ փոխարինելու է Վիգեն Սարգսյանի «Ես եմ» ծրագրին։ Ի տարբերություն վերջինի, որով 36 ամիս էր սահմանված, այս մեկը տեւում է 5 տարի։ «Ես եմ»-ով տրվող այդ 5 մլն դրամով զինծառայողը պետք է կա՛մ բնակարան գներ, կա՛մ մինի ֆերմա կառուցեր, կա՛մ էլ ուսման վարձ տար, «Պաշտպան հայրենյաց»-ով տրվող 5 մլն-ն վերջինս կարող է ծախսել՝ ինչպես կամենա։ Եթե զինծառայողը հանկարծ որոշի հրաժարվել վճարովի ծառայությունից, ապա ծառայության այդ ժամկետը նրա կենսագրությունից կջնջվի, եւ նա կշարունակի ծառայել բանակում՝ մինչեւ պարտադիր ժամկետային ծառայության իր չծառայած ժամկետի չափով։ 

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ այս փոփոխությունը վերջին շրջանում ՊՆ-ի կողմից արված առաջարկներից լավագույնն է։ «Մինչդեռ նախորդ նախագծերը՝ իմ թվարկած, իրականության հետ աղերս չունեին ու բավականին խոցելի էին: Ես նկատի ունեմ 24 մլն-ով եւ հետո 24 մլն դրամ ու 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելով բանակից ազատումը, եռամսյա հավաքները 25 օր դարձնելը, որից 2 շաբաթը մարտական հերթապահությամբ փոխելը»,- ասում է փորձագետը։ Ըստ նրա՝ կա մոտիվացիա, ժամկետային զինծառայողը, դառնալով պայմանագրային, դրամական բավարարում է ստանում, այսինքն՝ 18-19 տարեկան ՀՀ քաղաքացին ապահովված է լինելու նաեւ սեփական կարիքներն աշխատանքով հոգալու հնարավորությամբ՝ ասում է Հայկ Նահապետյանը։ 

«Սա ողջունելի քայլ է․ եթե մարդիկ ցանկություն ունեն, թող մեկուկես տարի ծառայության փոխարեն ծառայեն երեք անգամ ավելի ժամանակով, աշխատավարձով եւ ավելի ազատ պայմաններով (պայմանագրային զինծառայողների համար պայմաններն ավելի ազատ են, քան՝ ժամկետային զինծառայողների)»,- կարծում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, բայց արդյո՞ք 5 տարին շատ չէ։

Ըստ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի՝ հարցը տարիները չեն, այլ այն, թե մարդն իրեն պատկերացնո՞ւմ է արդյոք զինվորական ծառայության մեջ։ 

«Եթե մարդն իրեն չի պատկերացնում զինվորական ծառայության մեջ, նրան ինչ նվեր ուզում եք, տվեք, չեք կարող գայթակղել։ Իսկ նա, ով իրեն պատկերացնում է այդ ծառայության մեջ, եւ իրեն պետք են սոցիալական արտոնություններ, հնարավորութուններ, դրսեւորվելու կարողություն, առաջընթացի, կարիերայի աճ, գիտելիքները հարստացնելու հնարավորություն, բնականաբար, բանակը լավագույն տեղերից մեկն է, որտեղ ամենակառուցակարգված, ինստիտուցիոնալ վիճակն է, եւ այստեղ երկարաժամկետ երաշխիքներ պետությունը կարողանում է տալ»,- ասում է Արտակ Զաքարյանը։   

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print