Նախարարի խոսքով՝ նախատեսվում է մինչեւ 2026 թվականը զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան մինչեւ 2,5 միլիոնի։
2022թ–ի հուլիս–օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է զբոսաշրջիկների բարձր հոսք, որի արդյունքում Հայաստանի հյուրանոցներն ամբողջությամբ զբաղված են եղել։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ներկայացնելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վիճակն ու զարգացման հնարավորությունները՝ Քերոբյանը նշել է, որ հատկապես լեցուն են եղել Երևանի ու Գյումրու հյուրանոցներն ու հյուրատները։
«Նույնիսկ այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները մեզ ասել են, որ ստիպված են եղել մերժել Հայաստան այցելությունների հայտերը կամ Հայաստան տոմսեր վաճառել, որովհետև չեն կարողացել տեղավորել»,– ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարությունը այս խնդրի լուծման համար առաջարկել է ավելացնել հյուրանոցային կարողությունները` ամառային հոսքն ապահովելու համար և զարգացնել ձմեռային սեզոնի զբոսաշրջային ծրագրերը, քանզի նոյեմբեր–ապրիլ ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշն է գրանցվում զբոսաշրջության ոլորտում։
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է մինչեւ 2026 թվականը զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան մինչեւ 2,5 միլիոնի։
«Միջոցներ են ձեռնարկվում երկրում զբոսաշրջության համար պայմանների բարելավման, ինչպես նաեւ երկիր այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկից շահույթն ավելացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, Կառավարությունն այժմ մի շարք սուբսիդիոն ծագրեր է իրականացնում հյուրատների, վարձով տրվող բնակարանների վերանորոգման, էներգախնայողականության բարձրացման ուղղությամբ»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս ծրագիրը հատկապես կհետաքրքրի գյուղերում մեծ տներ ունեցողներին։
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը 9 ամսվա ցուցանիշներով հյուրընկալել է 1 240 000 զբոսաշրջիկ, որոնց 46 տոկոսը կամ 567 429–ը` ՌԴ–ից են։ Զբոսաշրջիկների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդը` Իրանը, հետո ԱՄՆ–ն և Գերմանիան են։