Նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Հրվ. Կորեան և Չինաստանը. ՏԿԵ փոխնախարար

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը. այս մասին DW-ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որը վերահսկում է էներգետիկայի ոլորտը։

DW-ն հիշեցնում է, որ Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը հաշվարկված է մինչև 2026թ., սակայն, ըստ նախնական գնահատականների, կայանը կարող է աշխատել մինչև 2039 թվականը։ Մինչ այս ՀՀ-ն պետք է գործարկի նոր էներգաբլոկ՝ էլեկտրաէներգիայի պակասից խուսափելու համար:

«Հայաստանը դեռ չի կողմնորոշվել նոր էներգաբլոկի մոդելի հարցում. բանակցություններ են ընթանում այն երկրների հետ, որոնք տեխնոլոգիաների պոտենցիալ մատակարարներ են, և, ինչպես պարզվում է, դրանք բավականին քիչ են», – նշում է գործակալությունը։

Դեռևս 2023 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը աշխատանքային խումբ է ուղարկել ԱՄՆ, որը ծանոթացել է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին։ Փոքր մոդուլային ռեակտորները, որոնք նաև հայտնի են որպես «մինի ատոմակայաններ», ավելի քան մեկ տասնամյակ եղել են մասնագիտական և քաղաքական բանավեճի թեմա: Շատ փորձագետներ դրանք համարում են ապագայի խոստումնալից ատոմակայաններ։ Այս տարվա փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է մոդուլային միջուկային էներգաբլոկի կառուցման հնարավորությունը և որպես կարևոր փաստարկ մատնանշել դրա անվտանգության բարձր մակարդակը։

«Հայաստանում քննարկվում է մի տարբերակ, երբ նոր էներգաբլոկի հզորությունը չպետք է լինի 600-700 ՄՎտ-ից բարձր»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ կառավարությունը հակված է փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը, սակայն այս ճանապարհին գլխավոր խոչընդոտն այն է, որ ներկայումս աշխարհում նման տիպի գործող ատոմակայաններ չկան։

Մոդուլային ռեակտորներ նախագծող ընկերությունները, ըստ Հակոբ Վարդանյանի, անընդհատ հետաձգում են նման ռեակտորների կառուցման համար սահմանված ժամկետները։

«Շատերի, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների պարագայում, ամեն ինչ մշակման փուլում է: Առաջ է շարժվել միայն ամերիկյան NuScale ընկերությունը։ Այն լիցենզիա է ստացել իր 50 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկների կառուցման համար։ Բայց NuScale-ը հետաձգել է դրանց կառուցումը և որոշել է կառուցել 77 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկներ և գտնվում է վերջնական լիցենզավորման փուլում»,- ասել է Վարդանյանը և հավելել, որ նման էներգաբլոկների կառուցումն արժե շատ ավելի թանկ, քան նախորդ տարբերակը։

Փոխնախարարի խոսքով՝ Հարավային Կորեան նույնպես շահագրգռվածություն է հայտնել Հայաստանին տրամադրել 170 ՄՎտ հզորությամբ մոդուլային էներգաբլոկներ, որոնք նախագծով նման են ամերիկյաններին։

«Բլոկի բարձր հզորությունը, իհարկե, նվազեցնում է ինքնարժեքը, բայց խնդիրն այն է, որ այս մշակումը դեռ լիցենզավորված չէ»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ լիցենզավորման գործընթացում են նաև ռուսական և չինական մշակումները։

Փոքր մոդուլային ռեակտորների շահագործման փորձի բացակայության պատճառով ՀՀ կառավարությունը չի շտապում վերջնական որոշում կայացնել։

«Եթե մենք ուզում ենք արագացնել գործընթացը, ապա պետք է 1000 ՄՎտ-ից ավելի հզորությամբ ատոմակայան կառուցենք ավանդական տեխնոլոգիաներով, ինչը զգալիորեն գերազանցում է մեր կարիքները»,- պարզաբանել է փոխնախարար Վարդանյանը։

Նա հավելել է, որ կառավարությունը մտադիր է մինչև 2025 թվականի կեսերը վերջնական որոշում կայացնել ռեակտորի մոդելի և մատակարարող երկրի ընտրության վերաբերյալ։

DW-ն գրում է, որ ներկայումս Հայաստանի  էլեկտրաէներգիայի կարիքը կազմում է մոտ 1200 ՄՎտ, որը մոտավորապես հավասար չափաբաժիններով ապահովում են հիդրոէլեկտրակայանները, ՋԷԿ-երը և ատոմակայանը։ Աճում է նաև արևային կայանների թիվը, սակայն դրանց մասնաբաժինը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում դեռևս աննշան է՝ 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 4%-ից մի փոքր ավելի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print