25–ամյա բնակիչը կալանավորվել է՝ 27-ամյա համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

2024 թ. հուլիսի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են արձակում, և վիրավոր քաղաքացի կա։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ՔԿ-ից, նույն օրը ՝ ժամը 19։05-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ  «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1998 թ.։ Վերջինս նույն օրը հայտնաբերել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա գոտկատեղից ընկել է «SPORTSMAN CAL.25» գրառմամբ ատրճանակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024 թ. հուլիսի 9-ին` ժամը 18։30-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը վիճաբանել է 27-ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ վերոնշյալ շենքի հարևանությամբ գտնվող մայթեզրին հայտնաբերվել և վերցվել է 2 կրակված պարկուճ։ Հարցաքննվել են վկաներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ  հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել  կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print