Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախագծի նպատակն է կարգավորել ուսուցչի կամավոր ատեստավորման կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացառել խնդրահարույց հարցերը՝ գործընթացը դարձնելով ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ:

Առաջարկվող կարևոր փոփոխություններից է էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորում իրականացնելու ընթացակարգը, ըստ որի՝ ատեստավորումն ըստ առարկաների կիրականացվի էլեկտրոնային թեստավորման, անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով: Ըստ նախագծի՝ էլեկտրոնային եղանակով թեստավորվելու դեպքում ատեստավորումը կիրականացվի համակարգիչներով հագեցած և հարմարեցված տարածքում: Էլեկտրոնային համակարգի միասնական բազայից մասնակցի համար կձևավորվի թեստ, և կտրվի աշխատանքի մեկնարկը։ Մասնակցի էջում հայտնված ժամացույցը հետհաշվարկի միջոցով ցույց կտա թեստավորման համար նախատեսված ժամանակը: Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը կսեղմի թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը, որից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի ամփոփաթերթ, որտեղ կնշվեն մասնակցի կողմից յուրաքանչյուր առաջադրանքին տրված պատասխանը, տվյալ առաջադրանքի ճիշտ պատասխանը, ճիշտ պատասխանների քանակը և ընդհանուր առաջադրանքների համեմատ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը: Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կնպաստի ռեսուրսների և ժամանակի ավելի արդյունավետ օգտագործմանն ու արդյունքների բարելավմանը։

Նախագծով նախատեսվում է նաև, որ կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող անձինք: Ատեստավորումը հաջողությամբ անցնելուց հետո տվյալ անձինք հնարավորություն կստանան մասնակցելու ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթներին:

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» առարկա չի դասավանդվում, և առարկայի բովանդակությունը ներառված է «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Հայոց պատմություն» առարկայական չափորոշիչներում և ծրագրերում: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել նախագծում իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ կարգում վերանայելով «Հայրենագիտություն» առարկային վերաբերող կարգավորումները:

Բացի այդ՝ նախագծով սահմանվել է, որ «Բնագիտություն» («Բնություն») և «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

Նշենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչները՝ ըստ ցուցաբերած արդյունքի, ստանում են բարձրացված դրույքով աշխատավարձ և հավելավճար։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7466/about:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print