Հայաստանը պատրաստ է 2025 թ․ ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը»․ ԲՏԱ նախարար

Հայաստանը պատրաստ է 2025 թվականին ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը» (ICPC), որը բացառիկ հնարավորություններ է առաջարկում մեր մոլորակի երիտասարդ ծրագրավորողներին՝ ցուցադրելու իրենց հմտությունները և զարգանալու միջազգային մակարդակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Երեկ ընդունել եմ ICPC հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը: Բիլ Փաուչերը ներկայացրել է ICPC-ի առաքելությունը՝ նշելով, որ սա յուրատեսակ օլիմպիադա է ուսանողների և ասպիրանտների համար: Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի համալսարանների և ICPC-ին առընթեր հաստատությունների միջև համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը: Իմ հերթին, նշել եմ, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ 2025թ. ICPC-ի մրցույթը Հայաստանում անցկացնելու։ Այս նախաձեռնությունը մեծ պատիվ է Հայաստանի համար և հրաշալի հնարավորություն երիտասարդ հայ ծրագրավորողների համար՝ մասնակցելու միջազգային մրցույթին հենց իրենց երկրում։ ICPC-ն ալգորիթմական ծրագրավորման մրցույթ է։ Թիմերը մրցում են խնդիրների լուծման արագության, ստեղծագործական ունակությունների և նորարարության ուղղություններով: Թիմերը մրցում են տարածաշրջանային մակարդակով՝ աշխարհի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Հաղթողները պայքարելու են աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Այս բոլոր ջանքերը նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին, ստեղծում նոր հնարավորություններ երիտասարդների համար և խթանում միջազգային համագործակցությունը գիտության և կրթության ոլորտներում»,- գրել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print